09:45 Գյումրին շոկի մեջ է. ինչպես կարող էր երիտասարդը ծեծելով սպանել շտապօգնության բժշկին | |
Գյումրին շոկի մեջ է. ինչպես կարող էր երիտասարդը ծեծելով սպանել շտապօգնության բժշկինԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, դժբախտ եւ արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում: Դաժան ծեծի հետեւանքով մահացել է Գյումրու Շտապբուժօգնության կայանի բժիշկ Աշոտ Գրիգորյանը: Դիպվածը տեղի է ունեցել հունիսի 26-ին: Նույն օրը ժամը 23-ի սահմաններում Գյումրու Շտապբուժօգնության կայանում կանչ է գրանցվել Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքի 13 տնից: Շտապօգնության աշխատանքային խումբը մոտ 10րոպե հետո գտնվել է նշված հասցեում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կայանի վարորդ Սարգիս Կարապետյանը պատմել է, որ կանչը ճանապարհից ստանալով, բժշկական խումբը շտապել է օգնության: Գյումրու Շտապբուժօգնության Կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի տեղեկացմամբ, հիվանդի տղան՝ Արտակ Կարապետյանը, կայանի մեքենային դիմավորել է իրենց տանից 200 մ հեռավորության վրա, նստել է մեքենա, սկսել է հայհոյել, հետո ընթացքից դուրս է թռել մեքենայից, բժշկին էլ քաշել իր հետեւից: Շտապօգնության մեքենայից բժիշկ Աշոտ Գրիգորյանին վայր գցելուց հետո հիվանդի որդին՝ Արտակ Կարապետյանը սկսել է նրան ծեծի ենթարկել: Հրմշտոցով ու քաշքշոցներով, որոնք ուղեկցվել են հայհոյանքներով, բժիշկն ու բուժքույրը բարձրացել են երկրորդ հարկ, որտեղ տան շեմին վարորդի խոսքերով, բժիշկը կրկին ծեծի է ենթարկվել: Այսքանից հետո 65-ամյա բժշկի 30-ամյա աշխատանքային փորձը նրան մղել է դեպի հիվանդը. վերջինիս առաջին բուժօգնություն է ցուցաբերվել: Այնուհետ կայանի խումբը փորձել է հեռանալ Կարապետյանների տնից: Հարբած Արտակ Կարապետյանը, սակայն, հետապնդել է աշխատանքային խմբին եւ խոչընդոտել է նրանց հեռանալուն: Արդեն երկրորդ անգամ տուն մտնելուց հետո, բժիշկ Աշոտ Գրիգորյանը նստել է բազմոցին ու բուժքրոջն ասել, որ իրեն վատ է զգում եւ մինչ նրան կցուցաբերվեր համապատասխան բուժօգնություն, բժիշկը տեղում մահացել է : Ըստ վարորդի, բժշկի հետ միասին Արտակ Կարապետյանի կողմից ծեծի են ենթարկվել նաեւ ինքն ու բուժքույրը: Վիճաբանությանը խառնվել է նաեւ հիվանդը, ում համար կանչն իրականացված է եղել: Տեսնելով որ հիվանդի որդու ձեռքից այսպես ասած պրծնել հնարավոր չէ, մի կերպ կապվել են կայանի հետ: Դեպքի առթիվ հիվանդի որդին՝ Արտակ Կարապետյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Գյումրու բաժանմունք: Բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվան փաստի առթիվ ՇՄ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ըստ ՇՄ քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հնարավոր է մահվան այլ պատճառներ արձանագրի: "Վերջնական պատասխանն էլ առիթ կհանդիսանա քրեական գործ հարուցելու կամ կասեցնելու համար” ,-նշում է Վահրամ Բեյբությանը: | |
|
Всего комментариев: 0 | |
Все материалы на сервере предоставлены исключительно в ознакомительных целях и использование для других целей строго запрещается.Ни при каких обстоятельствах администрация сайта не несет ответственности за ущерб, убытки или расходы, возникшие в связи с настоящим сайтом, его использованием или невозможностью использования.